Արշիլ Գորկու «ասեղնագործ» հուշերը երևանյան ցուցահանդեսում

10:03 • 17.09.08

«Արշիլ Գորկու օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Վանի ասեղնագործությունը 17-20-րդ դարերում» խորագրով ցուցահանդես, որում ներկայացված են նկարչի ծննդավայրի ասեղնագործական և արծաթագործական նմուշներ՝ գոգնոցներ, գլխաշորեր, ծածկոցներ, զգեստներ, արդուզարդի պարագաներ և այլն: Առանձին ներկայացված են «Վանի կար» կոչվող տեխնիկայով հյուսված «Վան-լաբիրինթ» կոչվող անձեռոցիկներ ու ժանյակներ:

Ցուցահանդեսում ներառված են նաև Արշիլ Գորկու աշխատանքների արտատպություններ, նաև հայոց ցեղասպանությունը ներկայացնող լուսանկարներ և տեսարաններ Վանից ու շրջակայքից:

Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան) ծնվել է 1904թ-ին Վանում, որտեղից 1915թ-ի ջարդերից հետո գաղթել ու ի վերջո հաստատվել է Միացյալ Նահագներում, որտեղ էլ 1948թ-ին ինքնասպանությամբ վերջ է դրել կյանքին: Գորկին համարվում է արվեստում աբստրակտ էքսպրեսիոնիզմ ուղղության հիմնադիրներից մեկը: Նրա ճանաչված կտավներից մեկը կոչվում է «Մորս ասեղնագործ գոգնոցը բացում է իմ ողջ կյանքը…»: