Մոսկովյան 110-ամյա թատրոնի «Համլետ»-ը Երևանում
Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 17-ին և 18-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմ դուրս կգա Ա. Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնը՝ հանրահայտ «Համլետ» ներկայացումով: Սա փառատոնի միակ ներկայացումն է, որի մուտքը վճարովի է և, ի դեպ, բավական թանկ՝ համամետած տեղական բոլոր թատրոնների հետ. տոսմերի գները սահմանվել են 3000-20000 դրամ հատվածում: Դեռ փառատոնից առաջ Թատերական գործիչների միության և փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյանը պատմեց, որ մոսկովյան այս թատրոնը Հայաստան բերելը թանկ հաճույք է ոչ միայն փառատոնի, այլ նաև մեր երկրի համար: Նա նշեց նաև, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն անձամբ մեծ դեր է ունեցել ռուսական կողմի հետ բանակցելու և հյուրախաղերի ծախսերը մասամբ կրճատելու հարցում:
Երևանում Մոսկվայի գեղարվեստական թատրոնը կներկայանա իր սեփական դեկորացիաներով, որոնք ամբողջությամբ տեղափոխվել են այստեղ, և շուրջ 60 հոգանոց թատերախմբով: Բեմում կլինի 2005-ին Յու. Բուտուսովի բեմադրությամբ թատրոն մուտք գործած «Համլետ»-ը: Բեմադրությունը տևում է 3 ժամ 30 րոպե 1 անտրակտով:
Ա. Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնն այս տարի տոնում է 110 ամյակը. հիմնվել է 1898թ-ին Կ. Ստանիսլավսկու և Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի կողմից: 2000թ-ից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ճանաչված դերասան և ռեժիսոր Օլեգ Տաբակովը:










