«Կարեն Շահգալդյանը հրավիրում է ընկերներին». մուտքն ազատ է
Սեպտեմբերի 20-ից կմեկնարկի «Կարեն Շահգալդյանը հրավիրում է ընկերներին» արվեստների փառատոնը, որն անցկացվում է արդեն երրորդ անգամ: Դասական երաժշտությունից բացի, այս տարի ուշադրության կենտրոնում են արվեստի այլ ճյուղեր ևս: Մասնավորապես, փառատոնը կբացվի Վիգեն Մնոյանի լուսանկարչական ցուցահանդեսով, որը կրում է «Մշակույթի գենոֆոնդ» անունը և ներառում է հայ մշակույթի նշանավոր գործիչների դիմանկարներ՝ Ջիվան Գասպարյան, Ալեքսանդր Հարությունյան, Էդվարդ Միրզոյան և ուրիշներ:
Փառատոնի համերգային հատվածը կմեկնարկի սեպտեմբերի 23-ին: Այս տարի համերգներ կանցկացվեն նաև Հայաստանի մարզերում և Արցախում, մասնավորապես՝ Չարենցավանում, Կապանում, Մեղրիում, Վանաձորում, Գյումրիում և Ստեփանակերտում: Համերգներին կմասնակցեն այնպսիսի ճանաչված ռուս երաժիշտներ, ինչպիսիք են ալտահար Մաքսիմ Նովիկովը, ջութակահարուհի Քսենյա Ակեյնիկովան, դաշնակահարուհի Քսենյա Բաշմետը և ուրիշներ: Ջութակահար Կարեն Շահգալդյանի հետ այս տարի համագործակցում է նաև դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ում ղեկավարած «Սերենադ» կամերային նվագախմբի համերգով կամփոփվի փառատոնը:
Արվեստների փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 26-ին կկայանա «արվեստի բոհեմական երեկո», ինչպես այն անվանեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Շահգալդյանը: Երևանի Ժան Ժակ սրճարանում լուսանկարիչ Վիգեն Մնոյանը իր ցուցահանդեսով կբացատրի, թե «Ինչ են ուզում կանայք», ասմունքով հանդես կգան գրողներ ու սովորական մասնակիցներ, կլինեն մնջախաղի համարներ, ժամանակակից պարեր և այլն: Խառն արվեստների այս համադրությունը փառատոնի կազմակերպիչները նախատեսում են ավանդական դարձնել:
Ի դեպ, «Կարեն Շահգալդյանը հրավիրում է ընկերներին» փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:










