Թուրքիան պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ մշակութային ոլորտում
Թուրքիայի մշակույթի նախագահ Էրթուղրուլ Գյունայը ջերմորեն արձագանքել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի՝ մշակույթային համագործակցության կոչին։ Այդ մասին հայտնում է Turkish Daily News–ի կայքէջը։
Երկու շաբաթ առաջ տեղի ունեցած Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպումից հետո երկու երկրները շարունակում են քայլեր ձեռնարկել երկկողմանի քաղաքական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, գրում է թուրք լրագրողը։
«Մենք կցանկանայինք ընկերական հարաբերություններ հաստատել մեր հարևանների հետ»,– ասել է Թուրքիայի մշակույթի նախարարը՝ Turkish Daily News–ին տված հարցազրույցի ժամանակ՝ ավելացնելով նաև, որ Թուրքիան պատրաստ է խորացնել մշակույթային համագորակցությունը Հայաստանի հետ։
«Նախագահ Աբդուլա Գյուլի այցը Երևան նշանակալի քայլ էր Հայաստան–Թուրքիա երկկողմանի հարաբերությունների զարգացման համար։ Այդ հարցում քիչ չէր նաև Հայաստանի ավանդը։ Եվ առաջիկայում ձեռնարկված քայլերը նույնպես կնպաստեն մշակույթային և քաղաքական հարաբերությունների զարգացմանը»,– ասել է Գյունայը։
Նշենք, որ Գյունայի ջերմ պատասխանն անմիջապես հետևել է Հասմիկ Պողոսյանի՝ Turkish Daily News–ին տված էքսքլուզիվ հարցազրույցի ժամանակ Թուրքիային ավելի սերտ մշակույթային համագործակցության հրավիրելու կոչին։
Գյունայը հայտարարել է, որ երկկողմանի հարաբերությունների կարգավորման դեպքում Թուրիայի մշակույթի նախարարությունը պատրաստ է ակտիվորեն համագործակցել Հայաստանի հետ։
«Թշնամությունը ոչ ոքի շահերից չի բխում։ Մեր դռները բաց են բոլորի համար։ Մենք հստակորեն ցանկանում ենք համագործակցել Հայաստանի մշակույթի նախարարության հետ Անիի ավերակների վերակառուցման աշխատանքների և Աղթամար կղզու վանքի տարածքում պեղումներ կազմակերպելու գործընթացը միասնաբար իրականացնելու համար»,– ասել է Գյունայը։










