Տոնում են Վլադիմիր Մսրյանի 70 ամյակը
2008 թվականը հոբելյանական է ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, «Մովսես Խորենացի» պետական շքանշանի ասպետ Վլադիմիր Մսրյանի համար, ով տոնում է 70 ամյակը: 25 տարի առաջ նկարահանված խորհրդային արտադրության «Նիկոլո Պագանինի» 4 սերիանոց ժապավենում ստանձնած գլխավոր դերի համար Մսրյանը իտալական մամուլի կողմից ճանաչվել էր «բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն Պագանինի»: Առջևում դեռ կինոյի նոր դերեր էին սպասվում այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են` «Ձայն բարբառո..»-ն, «Հին աստվածներ»-ը, «Լռության սիմֆոնիա»-ն և այլն:
Բայց Վլադիմիր Մսրյան դերասանին հանդիսատեսն ավելի լավ ճանաչում է թատերական բեմերից` մասնավորապես դրամատիկական թատրոնի, որտեղ նա հանդես է գալիս 1970թ-ից: Մսրյանը դրամատիկական բեմում մարմնավորել է Հերոստրատ, Համլետ, Հուլիոս Կեսար և այլ կերպարներ:
Հենց ղափլանյանական թատրոնում էլ այսօր տոնում են Վլադիմիր Մսրյանի 70 ամյակը` բեմ բարձրացնելով «Մոռանալ Հերաստրատին» ներկայացումը: 1976թ-ին պրեմիերա տոնած այս ներկայացման գլխավոր դերում հանդես է գալիս հենց Վլադիմիր Մսրյանը, ում կերտած Հերաստրատը մասնագետները համարում են դերասանի լավագույն դերերից մեկը:










