«Ոսկե Ծիրան»-ի լավագույն ֆիլմը կհավակնի նաև Օսկարի

08:22 • 24.09.08

Այս տարի «Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնում խաղարկային ֆիլմերի մրցույթի գլխավոր մրցանակին արժանացած «Ջրահարս» ֆիլմը կներկայացվի նաև Օսկարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Ռուսաստանաբնակ 32-ամյա ռեժիսոր Աննա Մելիքյանի «Ջրահարս»-ը թողարկվել է 2007թ-ին և մոտ 1 տարվա ընթացքում հասցրել մեծ դահլիճներ և մի շարք բարձր գնահատականներ ու մրցանակներ հավաքել աշխարհի այնպիսի հեղինակավոր փառատոներում, ինչպիսիք են Բեռլինը, Կառլովի Վարին, Սանդենսը և այլն:

Օսկարի «Լավագույն այլալեզու ֆիլմ» անվանակարգի համար Ամերիկյան կինոակադեմիան հայտեր է ընդունում մինչև հոկտեմբերի 1-ը: Նախապես մրցույթներ անցկացվում են տեղերում. Աննա Մելիքյանի աշխատանքն առանձնացրել է ռուսական հանձնաժողովը՝ Օսկար 2009-ում Ռուսաստանը ներկայացնելու համար:

Օսկարի 81-րդ մրցանակաբաշխության ուղեգիր ստանալ կարող է յուրաքանչյուր երկրից միայն 1 ֆիլմ, որ նկարահանվել է 2007թ-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2008թ-ի սեպտեմբերի 30-ը: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության հաղորդմամբ Ռուսաստանից այս տարի Օսկարի ներկայացվելու համար պայքարում էին նաև Ալեքսանդր Սոկուրովի «Ալեքսանդրա», Վլադիմիր Նաումովի «Ջոկոնդան ասֆալտի վրա», Ալեքսանդր Պրոշկինի «Ապրիր և հիշիր», Կարեն Շահնազարովի «Անհետացած կայսրություն», Եկատերինա Շագալովայի «Մի անգամ գավառում», Ալեքսեյ Ուչիտելի «Գերին» և Պավել Չուխրայի «Ռուսական խաղ» ֆիլմերը: «Ջրահարս»-ն ընտրվել է բաց քվերակության և փակ քննարկման արդյունքում:

Բաքվում ծնված, Երևանում մեծացած և տարիներ առաջ Մոսկվա տեղափոխված Աննա Մելիքյանի 115-րոպեանոց «Ջրահարսը» կանաչ մազերով աղջկա մասին է, ով ապրում է ծովեզրին՝ առանց պատկերացնելու, թե ինչ է սպասում իրեն մեծ քաղաքում: Սիրո առաջին պտուղները ճաշակող Ալիսայի հեքիաթային կյանքը, սակայն, ամենևին «happy end»-ով չի ավարտվում: