«Հայ ֆեստ» փառատոնը «կվերափոխի» Երևանը
6-րդ «Հայ ֆեստ» միջազգային թատերականը կանցկացվի հոկտեմբերի 4-12-ը Երևանում: Կազմակերպիչներն այս տարի ընտրել են «Քաղաքի վերափոխում» նշանաբանը: Աշխարհի մոտ 30 երկրների 45 թատերախմբեր կներկայացնեն ավելի քան 100 ներկայացում մեր քաղաքի 17 թատերահարթակներում: Ավանդական ներկայացումների կողքին կլինեն բացօթյա շոուներ, պարային, շարժման, մատների, ստվերների և կատարողական արվեստի ժամանակակից այլ ժանրերի բեմադրություններ:
Փառատոնը բացման պաշտոնական արարողությունից առաջ այս տարի նույնպես թատերական շքերթ կլինի` այս անգամ նաև մեքենաներով: Բացման համար ընտրվել է ռուսական հանրահայտ «Չելովեկ» շարժման թատրոնի «Խեղկատակի աղավաղված երևակայությունը» ներկայացումը:
Այս տարի փառատոնի պատվավոր հյուրերից կլինի բրիտանացի անվանի դրամատուրգ, նոր դրամայի հիմնադիրներից Մարկ Ռավենհիլը, ով Երևանում հայ դերասանների հետ կբեմադրի իր “Կորուսյալ դրախտ” պիեսը:
«Հայ ֆեստ»-ն այս տարի կառանձնանա նաև սարոյանական ծրագրով. փառատոնի շրջանակներում կանցկացվի «Սարոյան – 100 միջազգային թատերական փառատոն», որը կներառի բացառապես Սարոյանի ստեղծագործությունների վրա հիմնված բեմադրություներ 7 երկրների թատրոնների ներկայացմամբ:
«Հայ ֆեստ»-ի օրերին կստորագրվի նաև հուշագիր, որի համաձայն` երևանյան փառատոնը կդասվի Հարավային և Արևելյան Եվրոպայի թատերական փառատոնների շարքին` Բելգրադի, Զագրեբի, Սառաևոյի և Բրատիսլավայի փառատոնների հետ միասին:
«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնին մշակույթի նախարարությունն այս տարի տրամադրել է 35 մլն դրամ:










