Տիգրան Սարգսյանն ընդունեց Սլովակիայի մշակույթի նախարարին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Սլովակիայի Հանրապետության մշակույթի նախարար Մարեկ Մադյարիչին։ Վարչապետը ողջունել է երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև համագործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները և նախարար Մադյարիչի Հայաստան այցի ընթացքում ձեռք բերված հետագա փոխգործակցության պայմանավորվածությունները։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մշակույթի ոլորտում երկկողմ հարաբերությունների սերտացումը կարող է նաև հայ-սլովակյան տնտեսական կապերի ամրապնդման, ակտիվ համագործակցության լավ միջոց դառնալ։ ՀՀ վարչապետը կարևորել է Սլովակիայի մշակույթի նախարարի այցի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության հետ կնքված համագործակցության համաձայնագիրը, նշելով, որ միջգերատեսչական այդ փաստաթուղթը լրացուցիչ խթան կհանդիսանա մշակույթի ոլորտում երկկողմ նոր և հետաքրքիր նախաձեռնությունների, հայ եւ սլովակ ժողովուրդներին միմյանց մշակույթին ավելի խորությամբ ծանոթացնելու համար։
Սլովակիայի մշակույթի նախարար Մարեկ Մադյարիչը եւս ընդգծել է ստորագրված փաստաթղթի կարեւորությունը` համագործակցության զարգացման տեսանկյունից։ Նախարարի խոսքերով, իր երկրի և Հայաստանի միջեւ քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը դեռեւս չի կարելի ասել մշակութային և տնտեսական կապերի մասին։ Այստեղ առկա մեծ ներուժը, պարոն Մադյարիչի կարծիքով, լիարժեքորեն չի օգտագործվում, եւ այդ ուղղությամբ զգալի աշխատանք կա իրականացնելու։ Սլովակիայի մշակույթի նախարարը ՀՀ վարչապետի հետ խոսել է նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի, Սլովակիայում հայկական համայնքի գործունեության, տարածաշրջանի վերջին զարգացումների մասին` ՀՀ վարչապետին փոխանցելով Սլովակիայի վարչապետի ջերմ ողջույններն ու Հայաստանի կառավարությանը եվրաինտեգրման և տարբեր ոլորտներում աջակցության պատրաստակամությունը։










