Ամերիկյան «մանր սունկը» հայկական մեծ բեմում

18:04 • 26.09.08

Փիլոբոլուսը գոմաղբի վրա աճող մանր սնկի տեսակ է, որը շատ ճկուն է: Մոտ 40 տարի առաջ ամերիկացի մի գիտնական այդ անունն է առաջարկել նորաստեղծ պարային խումբը կոչելու համար, նա խմբի անդամներից մեկի հայրն էր:
1971թ-ին ստեղծված «Փիլոբոլուս» պարային թատրոնն իր գոյության մոտ 40 տարիների ընթացքում նվաճել է մի շարք բեմեր, հիմա հերթը Երևանինն է:

Վաղը՝ սեպտեմբերի 27-ին, ամերիկյան պարային թատրոնը հանդես կգա Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ ներկայացնելով իր բազմամյա պարացանկը՝ այդ թվում «Tsu Ku Tsu», «Symbiosis», «Walklyndon» և այլն:

Փիլոբոլուսի կազմում ընդգրկված են 22-40 տարեկան պարողներ: Երևանում խումբը կներկայացնի ժամանակակից պար Ջոսի Կոյոկի, Քրիստոֆեր Դել Պոլոյի, Մարկ Ֆուսիքի, Քրիստոֆեր Գրանտի, Ռոբերտո Օլվերանի, Դերեկ Ստրատոնի և Ռենի Յավորսկու կատարմամբ:

Փիլոբոլուսի երևանյան հյուրախաղերը նախաձեռնել է ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում «Հայկական ջազ – 70» տոնակատարությունների շրջանակում: