Տաթևիկ Հովհաննիսյան. «Երաժշտությունը ջուր և թթվածին է ինձ համար»

11:03 • 28.09.08

Այս օրերին Երևանում է հայազգի հանրահայտ ջազ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը, ով սեպտեմբերի 29-ին համերգով հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում: Համերգը նախաձեռնել է Շարմ ընկերությունը «Հայկական ջազ – 70» հոբելյանական համերգաշարի շրջանակներում:

«Երաժշտությունն ինձ համար ջուր և թթվածին է», - ասում է երգչուհին ու պատմում, որ Միացյալ Նահանգներ մեկնելիս նպատակ չուներ այնտեղ հաստատվել, բայց հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ջազի հայրենիքը նոր հայրենիք դարձավ նրա համար:

«Միացյալ Նահանգներում ես ամեն ինչ սկսեցի զրոյից և հեռվից հեռու ավելի մոտ զգացի ինձ հայկական ժողովորդական երաժշտությանը և արդյունքում ստեղծեցի յուրօրինակ մի ոճ՝ հայկական էթնիկ ջազ, որը միայն իմն է, ինձանից ծնված երաժշտություն»:

Տաթևիկ Հովհաննիսյան երգչուհին նաև տնային գործերն է հասցնում՝ ճաշ եփել, վարել տնտեսությունը, անգամ ժամանակ է գտնում դասավանդելու համար: Բայց քաղաքականությամբ, որպես կանոն, շատ չի հետաքրքրվում, հայաստանյան իրադարձություններին էլ ավելի շատ հետևում է ամուսինը, ինքը շատ է ազդվում աշխարհի ցանկացած անկյունում տեղ գտնող դեպքերից, այնպես որ փորձում է հնարավորին չափ հեռու մնալ քաղաքականությունից:

Տաթևիկ Հովհաննիսյանը դեռ չի որոշել, թե վերջնականապես որտեղ պիտի հաստատվի կյանքի հետագա տարիներին, բայց հավատացնում է, որ հրավերի դեպքում պատրաս է անգամ մի քանի ամիս տեղափոխվել Հայաստան թեկուզ դասավանդելու համար: