Շարունակվում է «Վերադարձի» փառատոնը
Սեպտեմբերի 15-ից մեկնարկել և դեռ շարունակվում է Վերադարձի դասական երաժշտության 2-րդ փառատոնը: Այսօր Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կկայանա փառատոնի չորրորդ համերգը, որին կմասնակցի «Նարեկացի» կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արամ Թալալյանի գլխավորությամբ, և մենակատար Միքայել Բալյանը՝ դաշնամուր, Գերմանիա:
Փառատոնի շրջանակներում առջևում կկայանա ևս 3 համերգ՝ հոկտեմբերի 11-ին, 25-ին և 28-ին, որոնց կմասնակցեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանի գլխավորությամբ, ինչպես նաև մենակատարներ Վարդան Մամիկոնյանը՝ դաշնամուր, Ֆրանսիա, Ստիվեն Պրուտսմանը՝ դաշամուր, ԱՄՆ, և Սուրեն Բագրատունին՝ թավջութակ, ԱՄՆ:
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախաձեռնած «Վերադարձի» փառատոնը նպատակ ունի հայրենադարձության գաղափարը տարածել սփյուռքահայ երաժիշտների շրջանում և նպաստել Հայաստանում դասական երաժշտության զարգացմանը:










