Այսօր մեկնարկում է «Հայ ֆեստ»-ը
Այսօրվանից մեկնարկում և մինչև հոկտեմբերի 12-ը կշարունակվի 6-րդ «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնը, որը 9 օրերի ընթացքում շուրջ 100 ներկայացումներով կլցնի հայկական 17 թատերահարթակներ: Ժամանակակից թատրոնի ամենատարբեր ժանրերում երևանյան ելույթներով հանդես կգան շուրջ 30 երկրների մոտ 45 թատերախմբեր: Կառանձցնացվի նաև հատուկ սարոյանական ծրագիր՝ աշխարհահռչակ ամերիկահայ գրողի 100 ամյակի տոնակատարությունների շարքում. Բեմում կլինեն Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումներ:
Այսօր ժամը 19-ին Մոսկվա կինթատրոնին հարող Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կկայանա «Հայ ֆեստ» ավանդական թատերական շքերթը, որն այս տարի նաև մեքենաներ է ներառելու, պարային պլատիկայով ձևավորվելու է փառատոնի տարբերանիշը: Այնուհետև ռուսական դրամատիկական թատրոնում կմեկնարկի փառատոնի պաշտոնական բացման արարողությունը, որից հետո բեմում կլինի բացման ներկայացումը՝ ռուսական «Չելովեկ» շարժման թատրոնի «Խեղկատակի անամորֆոզներ» պլաստիկ ֆանտազիան:
«Հայ ֆեստ»-ի այս տարվա կարգախոսն է «Քաղաքի վերափոխում»-ը: Կազմակերպիչները հույս ունեն մշակութա-թատերական վերափոխման ենթարկել Երևանը:
«Հայ ֆեստ»-ի ներկայացումները դիտել հնարավոր է յուրաքանչյուր թատրոնում գնելով տեղի տոմսեր՝ հիմնականում 1000-3000դրամ արժողությամբ: Ծրգարում ներառված են նաև մի շարք բացօթյա ներկայացումներ երևանյան հրապարակներում:










