«Հայ ֆեստ»-ը սկսեց «քաղաքի վերափոխումը»

13:09 • 05.10.08

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, Մոսկվա կինոթատրոնին հարող Շառլ Ազնավուրի հրապարակում նախատեսված թատերական շքերթը, որով պիտի մեկնարկեր «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնը, իրականում ոչնչով նման չէր շքերթի: Մի խումբ երիտասարդներ հայկական եռագույնով փաթաթված, փառատոնի գլխատառերով դրոշները ձեռքներին պարբերաբար «հայ ֆեստ» էին վանկարկում: «Շքերթն» ավարտվեց նույն այդ երիտասարդների կողմից «Հայ ֆեստ» պաստառը ներկելով:

Իսկ Փառատոնը մեկնարկեց Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, երիտասարդ ռեժիսոր Վահան Բադալյանի բեմադրությամբ բեմ բարձրացավ փառատոնի այս տարվա խորհրդանիշը՝ թագակիր մասիսները (ի դեպ տեխնիկական պատճառներով Մեծ Մասիսի թագն օդում մնաց): Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ «Հայ ֆեստ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, ով ի պատիվ այս տարի փառատոնի մաս կազմող «սարոյանական» ծրագրի՝ բեմ հրավիրեց մի պատանու, ով ապրում է Երևանում և ում անունը Վիլյամ Սարոյան է:

Բացման խոսքով հանդես եկան «Սարոյան ֆեստի» առթիվ Երևան ժամանած 2 անվանի սփյուռքահայ արվեստագետներ՝ բեմադրիչ Նոռա Արմանին (ԱՄՆ) և դերասան, երաժիշտ Ժակի Ներսիսյանը (Ֆրանսիա): Նրանք երկուսն էլ Հայ ֆեստ-ի շրջանակներում կներկայանան սարոյանական բեմադրություններով:

Այնուհետև ռուսական դրամատիկական թատրոնի բեմում էր ռուսական «Չելովեկ» շարժման թատրոնը «Խեղկատակի անամորֆոզներ» բեմադրությամբ՝ նվիրված աշխարհահռչակ սյուրռեալիստ Սալվադոր Դալիին: Ֆանտաստիկ երազներ հիշեցնող այս ներկայացումը համադրում է պարային պլաստիկան, շարժման թատրոնը, մնջախաղը, թատերական շոուոն: «Չելովեկը»-ի սյուրռեալիստական շոուն երևանյան բեմում կլինի նաև այսօր:

Ի դեպ, «Հայ ֆեստ»-ի բացմանը ներկա էին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաև բազմաթիվ ճանաչված արվեստագետներ:

«Հայ ֆեստ» 6-րդ միջազգային թատերական փառատոնի կարգախոսն է «Վերափոխել խաղաքը»: