Երևանում իր 80-ամյակն է տոնում կոմպոզիտոր Կոստանտին Օրբելյանը
Այսօր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հոբելյանական համերգ է՝ Կոստանտին Օրբելյանը տոնում է իր 80 ամյակը: Այդ առթիվ մաեստրոյի հետ միասին Լոս Անջելեսից Երևան է ժամանել երգչուհի Էռնա Յուզբաշյանը, հատուկ պատվիրակություն է ժամանել Ռուսաստանից, որի կազմում է նաև երգչուհի Լարիսա Դոլինան: Այստեղ համերգին կմիանան տարբեր սերունդների երգիչ-երգչուհիներ՝ Սյուզան Մարգարյան, Ռադիկ Մարտիրոսյան, Էմմի, Ռազմիկ Ամյան, Արամե և ուրիշներ: Հոբելյանական համերգն անցկացվում է «Հայկական ջազ – 70» համերգաշարի շրջանակներում:
Կոստանտին Օրբելյանը լրագրողներին պատմեց, որ Հայաստան այցելում է պարբերաբար և միշտ մեծ հաճույքով մասնակցում է այն միջոցառումներին, որոնց իրեն հրավիրում են: Ասում է, որ նախատեսել էր 80-ամյակը տոնել միայն հայրենիքում, սակայն դեկտեմբերին երևանյան հոբելյանական ծրագիրը կկրկնվի նաև մոսկովյան Կրեմլի դակհլիճում՝ արդեն միայն ռուս աստղերի մասնակցությամբ:
Հայկական ժամանակակից երաժշտության մասին խոսելիս՝ Կոստանտին Օրբելյանը մեծ հիացմունք է արտահայտում նոր սերնդի հանդեպ, ովքեր, ըստ նրա, մեծ ներուժ ունեն, թեև հաճախ են շեղվում տարբեր հոսանքներով, բայց տաղանդ ունեն:










