Պատկերապատման ժանրի առաջին վստահ քայլերը Հայաստանում
Յան-Կլոդ Դընի, Ֆրանկ Մարժր, Ֆարիդ Բուջելալ և ուրիշներ, մարդիկ, ովքեր Ֆրանսիայում հայտնի են որպես պատկերապատման հեղինակներ, հոկտեմբերի 3-5-ը մասնակցում էին Հայաստանում պատկերապատման և պատկերի առաջին միջազգային փառատոնին: Ֆրանսիայից ժամանած հեղինակ-մասնագետների շարքում էին նաև մեր հայրենակիցներ Շարլ Բերբերյանը, ով Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքի պատկերապատումի միջազգային փառատոնի 2008թ-ի դափնեկիր է, ինչպես նաև Ֆիլիպ Կարակասյանը:
Հայաստանում պատկերապատման առաջին փառատոնի շրջանակներում Կամերային թատրոնում ցուցադրվեցին մոտ 35 աշխատանքներ, որոնք ընտրվել էին Անգուլեմի պատկերապատումի և պատկերի ազգային կենտրոնի հավաքածուից: Ժամանակագրական առումով ներառված էին աշխատանքներ պատկերապատման արվեստի ողջ պատմությունից՝ 19-րդ դարի վերջից մինչև մեր օրերը: Փառատոնի ընթացքում ֆրանսիացի մասնագետներն անցկացրեցին վարպետության դասեր և քննարկումներ պատկերապատման ժանրի շուրջ, որը համարվում է 9-րդ արվեստ:
Պատկերապատումը պատմությունը փոքրիկ նկարներով և դրանցում ներառված կարճ տեքստերով ներկայացնելու արվեստն է: Պատկերապատումի և պատկերի առաջին միջազգային փառատոնը նախաձեռնել էր Հայաստանում Պատկերապատումի զարգացմիան միությունը Մշակույթի նախարարության և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության հետ համատեղ:










