«Սպիացած վերքեր» կամ ամփոփվում է Գյումրիի բիենալեն

16:07 • 06.10.08

Սեպտեմբերի 7-21-ը Գյումրիում ացնկացվեց ժամանակակից արվեստի 6-րդ բիենալեն, որ կրում էր «Պատմական փոխակերպումներ կամ զուգահեռ պատմություններ» խորագիրը: Այս տարի բիենալեն տոնում էր հիմնադրման 10 ամյակը: Շուրջ 30 երկրներից ժամանել էին ավելի քան 75 արվեստագետներ, ում միացել էին 50 հայ արվեստագետներ Հայաստանից ու սփյուռքից:

Այս տարի առաջին անգամ Գյումրիի բիենալեն համագործակցում էր մշակույթի նախարարության հետ, որի արդյունքում վաղը Գյումրիում կբացվի «Սպիացած վերքեր» խորագրով ցուցահանդես-մրցանակաբաշխությունը: Ցուցահանդեսում կներկայացվեն մոտ 15 հեղինակների աշխատանքներ` գեղանկար, քանդակ, լուսանկար, որոնք ընտրվել են հատուկ ժյուրիի կողմից:

Աշխատանքներից մեկի հեղինակը ազգությամբ հրեա Ալեքսանդր Վայնդորֆն է, որ ժամանել է Շվեդիայից: Նա ներկայացրել է մի հուշարձանի նախագիծ-մոդել, որը պիտի կառուցվի Գյումրիում և որի բարձունքից պիտի երևա Արևմտյան Հայաստանը: Առայժմ այդ բարձունքից երևում է միայն մի փայտե պատ, որի վրա փակցված են շարադրություններ` ուղղված Մեծ Եղեռնի զոհերին: Շարադրությունները արվեստագետի նախաձեռնությամբ հեղինակել են Գյումրիի մանկավարժական համալսարանի ուսանողները: Այս աշխատանքը Ալեքսանդր Վանդորֆը պատրաստվում է ներկայացնել Ստամբուլում` տեղի ուսանողների շարադրություններով:

Իսկ «Սպիացած վերքեր» ցուցահանդեսը դեռ կճամփորդի` նոյեմբերի 7-ին հասնելով Վանաձոր, իսկ դեկտեմբերի 7-ին` ավերիչ երկրաշարժի 20-րդ տարելիցի օրը, կհաստատվի ու կնվիրաբերվի Սպիտակի երկրաշարժի թանգարանին:

Մշակույթի նախարարությունն այս տարի Գյումրիի բիենալեին հատկացրել է 10մլն 860 հազար դրամ: