Սարոյանի գրականությունն ու ազգային ինքնությունը

12:13 • 07.10.08

Հոկտեմբերի 6-10-ը Երևանում անցկացվում է Վիլյամ Սարոյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողով, որ կրում է «Վիլյամ Սարոյան. համաշխարհային գրականություն և ազգային ինքնություն» խորագիրը: Այդ կապակցությամբ Հայաստան են ժամանել շուրջ 50 գրականագետներ, գրողներ, սարոյանագետներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից:

Կոնֆերանսի թեմաներն են՝ Սարոյանի գեղագիտությունը, Հայոց ճակատագիրը Սարոյանի ստեղծագործություններում, Սարոյանը և իր ժամանակի ամերիկյան գրականությունը, Սարոյանի լեզուն և ոճը, Սարոյանի դրամատուրգիան, Սարոյանը և կինոն: Կոնֆերանսը կազմակերպել են մշակույթի նախարարությունը, գրողների միությունը, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Ռուս-հայկական Սլավոնական համալսարանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը և Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը:

Գիտաժողովին զուգահեռ կկայանա պետական պատվերով նկարահանված “Բիթլիս” մուլտֆիլմի շնորհանդեսը՝ ռեժիսոր Յուրա Մուրադյան, ինչպես նաև Սարոյանի մասին պատմով կայքի շնորհանդեսը, «Հայ ֆեստ»-ի շրջանակներում շարունակվում է «Սարոյան ֆեստ» միջազգային թատերական փառատոնը, կկայանա նաև «Փնտրիր բարին ամենուր» հոբելյանական հանդիսությունը: