Գիդոն Կրեմերը բացառիկ համերգ կազմակերպեց Երևանում
Երեկ Արամ Խաչաատրյան համերգասրահում դահլիճի բոլոր տոմսերը սպառած երաժշտասերները ստիպված էին մոտ կես ժամ սպասել նախասրահում, քանի որ Գիդոն Կրեմերն ու իր խումբը Երևան հասել էին նախատեսվածից ավելի ուշ ու դեռ պատրաստ չէին համերգին: Այդուհանդերձ, մեր քաղաքի համար բացառիկ այս համերգ-ներկայացումը մոռացնել տվեց դրանից առաջ պատճառած անհարմարությունը:
«Կինո և կատակերգություն» խորագիրն էր ընտրել վիրտուոզ ջութակահար Կրեմերը այս համերգի համար, որի որոշիչ դերակատարներն էին Ալեքսեյ Իգուդեսմանը՝ ջութակ, և Ռիչարդ Հյանգ Կի Ջուն՝ դաշնամուր: Ծրագրում ներառված էր դասական և ֆիլմերի երաժշտություն զուգահեռաբար՝ Մոցարտից ու Բախից մինչև Պիացոլլա և Ռոտա, այս ամենը՝ համեմված հումորով: 3 աշխարհահռչակ երաժիշտներին իր անզուգական կատարմամբ ուղեկցում էր Կրեմերատա Բալտիկա կամերային նվագախումբը, որ Գիդոն Կրեմերը հիմնել է 1996թ-ին:
«Պետք է դառնալ ու մնալ աստղ», - մտորում էր Գիդոն Կրեմերն ու ծրագրի ընթացքում պատմում դրվագներ իր կյանքից, թե ինչպես սկսեց ջութակ նվագել, ինչպես և ընտանիքում գրեթե բոլորը, և ինչպես էր փորձում հետևել հոր խրատին՝ «լինել 10 անգամ ավելին, քան մյուսները»։ Այսօր Կրեմերը աշխարհի թերևս ամենաճանաչված ջութակահարն է, իրեն համարում է «թափառաշրջիկ զվարճացնող», հաճախ է խորհում երաժշտության ճակատագրի մասին և հավատացած է, որ «Իսկապես լսել կարելի է միայն սրտով»:
Գիդոն Կրեմերի և նրա խմբի երևանյան շրջագայությունն ավարտված է, այսօր արդեն նրանք մեկնում են Մոսկվա՝ գուցե մի օր նորից երևանյան ջերմ հանդիսատեսին հանդիպելու մտքով: «Մենք կգնանք, բայց հնչյունները կմնան», - ասում է Կրեմերը:










