«Մեր ժամանակների Շեքսպիրը» բեմադրում է Երևանում
«Հայ ֆեստ» 6-րդ միջազգային թատերական փառատոնի առթիվ Երևանում է բրիտանացի աշխարհահռչակ դրամատուրգ և բեմադրիչ Մարկ Ռավենհիլը, ում անվանում են «մեր ժամանակների Շեքսպիր»: Նա մոտ մեկ շաբաթ շարունակ աշխատում էր հայ դերասանների մի խմբի հետ, աշխատանք, որի արդյունքն այսօր բեմում կլինի: Նոր դրամայի հիմնադիր Մարկ Ռավենհիլը Երևանում բեմադրել է իր «Կորուսյալ դրախտ» պիեսը, որը հայ հանդիսատեսին կներկայացվի ռուսերենով այսօր տիկնիկային թատրոնի բեմում:
«Կորուսյալ դրախտ» պիեսը Մարկ Ռավենհիլի «Կրակի’ր, վերցրու’ գանձը, կրկնի’ր» ժողովածուից է, որը լույս է տեսել այս տարի, բեմադրությունը կտևի մոտ 25 րոպե: Ռավենհիլի պիեսները մեծամասամբ մեր ժամանակների արատների մասին են, ինչպես օրինակ ահաբեկչությունը կամ բռնությունը: «Կորուսյալ դրախտ»-ը նույնպես անդրադարձ է ահաբեկչության թեմային սովորական մարդու տեսանկյունից:










