Ավարտվեց «Հայ ֆեստ» փառատոնը
Երեկ Տիկնիկային թատրոնի նախասրահում կայացավ «Հայ ֆեստ» 6-րդ միջազգային թատերական փառատոնի փակման արարողությունը, որն արդեն այս տարի էլ ոչ պաշտոնական բնույթ էր կրում այն առումով, որ որևէ հստակ արարողություն չէր նախատեսում: Փառատոնի նախագահը հայտնում էր անհամար շնորհակալություններ՝ աջակիցներին, մասնակիցներին, և հանձնում դիպլոմներ ու պատվոգրեր: Հաղթողներ փառատոնը չի ունենում, պարզապես առանձնանում են տարվա աչքի ընկած ներկայացումները:
Այս տարի հատկապես մեծ ուշադրություն էր հատկացված «Հայֆեստ»-ի շրջանակներում անցկացվող «Սարոյան ֆեստ» ծրագրին, որի մասնակիցը դարձան Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա կամ դրանցից ներշնչված բեմադրությունները՝ Հայաստանից ու արտերկրից:
Ուշագրավ ու մեծ աղմուկ բարձրացրած ներկայացումների շարքում էին Կազանցևի դրամատուրգիայի և ռեժիսուրայի կենտրոնի «Ես գնդացրորդ եմ» մոնոներկայացումը՝ Կիրիլ Պլետնյովի մատուցմամբ: Ինչպես և երևանյան նախորդ հյուրախաղերի ժամանակ, այս տարի էլ մեծ արձագանքներ ստացավ ռուսական «Չելովեկ» շարժման թատրոնը, որը որպես բացման ներկայացում մատուցեց իր «Խեղկատակի անամորֆոզները»:
6-րդ «Հայ Ֆեստ»-ը հագեցած էր նաև բացօթյա ներկայացումներով, որոնցից հատկապես մեծ հանդիսատես հավաքեց կանադացի դերասան Շոն Ռունին. նա մի քանի օր շարունակ Շառլ Ազնավուրի հրապարակը վերածեց «Փուչիկստան»-ի:
Հայկական ներկայացումներից հատկապես աչքի ընկավ Փոքր թատրոնում բեմադրված «7 զգացողություն» նախագիծը՝ Գր. Նարեկացուց ներշնչված: Բեմադրության հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանն էր, նախագիշն իրականացվում է իտալական Վերսիլադանցա մշակութային կենտրոնի հետ համատեղ:
Երևանյան միջազգային թատերական փառատոնի փակման արարողությանը ներկա էր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հիշեցնենք, որ փառատոնին նախարարությունն այս տարի տրամադրել էր 35մլն դրամ:










