Մեր օպերան բաբելոնյան աշտարակ չէ
Վենետիկում սեպտեմբերի 14-ից նոյեմբերի 11-ն անցկացվող ճարտարապետական բիենալեի ընթացքում պետք է ցուցադրվեր նաև հայկական «Օպերա» 10-րոպեանոց վավերագրական ֆիլմը, որը հեղինակել են ռեժիսոր Տիգրան Խզմալյանը և ճարտարապետ Աշոտ Արշակյանը: Սակայն քաղաքաշինության նախարարությունն արգելել է ֆիլմի ցուցադրությունը Վենետիկում՝ պատճառաբանելով, որ այն քաղաքական երանգներ է կրում:
Տիգրան Խզմալյանի սցենարով նկարահանված «Օպերա»-ն համեմատում է թամանյանական այս շինությունը Բաբելոնի աշտարակի հետ, պատմում Երևանի կենտրոնի ճարտարապետության զարդը համարվող օպերայի շենքի մտահղացման, կառուցման մանրամասների մասին ու նաև անդրադառնում պատմության ընթացքում երևանցիների կյանքում նրա ունեցած դերին` արցախյան շարժման օրերից մինչև 2008թ. մարտի 1-ը:
Չնայած արգելքներին՝ «Օպերա»-ն, այդուհանդերձ, ոչ պաշտոնական մակարդակով ցուցադրվել է Վենետիկում ու արժանացել այլազգի մասնագետների բարձր գնահատականին:










