Օրհան Փամուկը կրկին քննադատել է Թուրքիայի իշխանություններին

16:36 • 17.10.08

Հոկտեմբերի 14–ին Ֆրանկֆուրտում տեղի ունեցել գրքերի վաճառքի և հրատարակչությունների միջազգային ամենահեղինակավոր փառատոններից մեկի՝ Frankfurt Book Fair–ի բացման արարողությունը։

Թուրքիան այս տարի հանդիսանում փառատոնի պատվավոր հյուրը։ Փառատոնի բացման արարողությունն իրենց ներկայությամբ պատվել են Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը և գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը, ովքեր հանդես են եկել խոսքով։ Արարողության բացմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը։
Փառատոնի բացման արարողության ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հայտարարել է, որ «Թուրքիայում գրողների վրա ճնշումներ և սահմանափակումներ չկան»։ Իսկ ահա Օրհան Փամուկը, ասել է, որ թուրքական օրենսգրքի 301 հոդվածն իրենից դեռևս մեծ սպառնալիք է ներկայացնում գրողների և մտավորականների համար։
Թուրքիայի նախագահը և երկրի Նոբելյան մրացանակակիրը հակասական կարծիքներ են արտահայտել երկրում առկա խոսքի ազատ արտահայտման իրավունքի վերաբերյալ։

Գյուլի խոսքերով՝ Թուրքիան դարձել է այնպիսի երկիր, որտեղ խոսքի ազատ արտահայտման իրավունքը կարող է ծաղկել, քանի որ երկիրը շարունակում է մեծ քայլեր անել Եվրամիությանն անդամակցելուն ընդառաջ։
Օրհան Փամուկը, սակայն, նախագահի այս խոսքերից հետո, հիշատակելով Օրենսդրության 301 հոդվածը, ասել է, որ Թուրքիայի կառավարությունը դեռևս շարունակում է պատժել գրողներին։

«Թուրքիայի դատարաններում հարյուրավոր գրողներ և լրագրողներ են դտավում 301 հոդվածի պատճառով, որն օգտագործվում է գրողների, այդ թվում նաև իմ վրա ճնշում գործադրելու համար»,– ասել է Նոբելյան մրցանակակիրը։