Նոր համերգով Երևանում է անվանի ջազմեն Գարի Քյոսայանը
Հոկտեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում ելույթ կունենա ջազ երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի գլխավորած ջազ քառյակը ամերիկացի երգչուհի Ինդեայի հետ միասին: Ի տարբերություն նախորդ մի քանի տարիներին Հայաստանում ունեցած համերգների, որոնց ընթացքում հնչել են մեծամասամբ Քյոսայանի հեղինակած գործերը, առաջիկա համերգում կհնչի հիմնականում ամերիկյան ջազ:
Գարի Քյոսայանի համերգը ներառված չէ «Հայկական ջազ – 70»-ի համերգային ծրագրում, ջազմենը բացատրեց, որ ինքը լավ հարաբերություններ է պահպանում Հայաստանում ստեղծագործող իր գործընկերների հետ, սակայն համերգաշարին մասնակցելու ոչ մի հրավեր չի ստացել հայկական ջազի տոնակատարությունների կազմկոմիտեի կողմից: Այդուհանդերձ, Գարի Քյոսայանն իր համերգը նվիրում է Հայկական ջազի 70-ամյակին:
Գարի Քյոսայանը Միացյալ Նահանգներ տեղափոխվել է 1988թ., իսկ 1990-ին արդեն հիմնել իր քառյակը: Վերջինիս կազմը հաճախ փոփոխվում է, հատկապես՝ հարվածային գործիքներն ու բաս կիթառահարը, ովքեր, որպես կանոն, շատ զբաղված են լինում պայմանագրերով: Սակայն Քյոսայանի հետ 18 տարի շարունակ նվագում է անվանի սաքսոֆոնահար Գառներ Թոմասը, ում համար առաջիկա համերգն արդեն 5-րդն է Հայաստանում: Դեռ 1997թ-ին Քյոսայանը թողարկեց իր առաջին ձայնասկավառակը և 2008-ին՝ 10 տարվա ընդմիջումից հետո, համերգով վերադարձավ հայրենիք: Այնուհետև այցելություններն ու համերգներն ավելի հաճախակի դարձան:
Ի դեպ, Հայաստանում Գարի Քյոսայանն իրեն ոչ թե հյուր, այլ տանտեր է զգում, այստեղ տուն ունի, բարեկամներ, ընկերներ: Առաջիկայում էլ պատրաստվում է ավելի սերտացնել շփումները, հիմա տուն է կառուցում, որը կծառայի որպես ստուդիա, գուցե սկսի դասավանդել, վարպետության դասեր տալ:










