Ավարտին է մոտենում հեքիաթասացության տոնը

11:45 • 18.10.08

Հովհ. Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ հուլիսից մեկնարկել էր հեքիաթասացության առաջին փառատոնը՝ «Երկնքից 3 խնձոր ընկավ…» խորագրով: Հայտեր ներկայացրած մասնակիցները պատմում էին հեքիաթներ ու պայքարում լավագույն հեքիաթասացի կոչմանն արժանանալու համար:

Հոկտեմբերի 17-19-ն անցկացվում է մրցույթի վերջին փուլը, որի արդյունքում պարզ կդառնան մրցանակակիրների անունները. 3 լավագույնները կարժանանան դրամական պարգևների՝ 1 քսակ ոսկի (200 հազար դրամ), 1 քսակ արծաթ (150 հազար դրամ) և 1 քսակ մարգարիտ (100 հազար դրամ): Հաղթողները կստանան նաև հատուկ մեդալներ, որոնց մի կողմին Թումանյանի կիսանդրին է, իսկ մյուսին՝ 3 խնձոր:

Նախաձեռնելով հեքիաթասացության փառատոն՝ մեծ լոռեցու թանգարանը՝ ի դեմս տնօրեն Նարինե Թուխիկյանի, նպատակ ունի վերակենդանացնել հայ բանահյուսության վաղեմի ավանդույթները, նպաստել բանավոր խոսքով սերնդեսերունդ փոխանցվող հեքիաթների, էպոսների, ասքերի ու առասպելների պահպանմանը։