«Նաիրի» նվագախմբի համերգաշարը՝ նվիրված երկրաշարժի 20-րդ տարելիցին

13:52 • 21.10.08

Հոկտեմբերի 26-30-ը Հայաստանում համերգներով հանդես կգա ֆրանսիական «Նաիրի» կամերային նվագախումբը՝ համերգաշարը նվիրելով 1988թ. երկրաշարժի 20-րդ տարելիցին: Նվագախմբի հյուրախաղերն իրականացվում են մշակույթի նախարարության, «Բեմ» համերգային գործակալության և Նարեկացի արվեստի միության համատեղ ջանքերով:

Հոկտեմբերի 26-ին և 29-ին «Նաիրի» նխագախումբը հանդես կգա Երևանում՝ Կամերային երաժշտության տանը և Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ հոկտեմբերի 30-ին ելույթ կունենա Գյումրիում՝ Կոնսերվատորիայի տեղի մասնաճյուղի դահլիճում: Համերգային ծրագրում կհնչեն հայ և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Կոմիտաս, Ա. Խաչատրյան, Ղ. Սարյան, Է. Միրզոյան, ինչպես նաև Յ. Բրամս, Է. Գրիգ, Ս. Սիբելիուս և ուրիշներ։ Նախատեսվում է նաև «Նաիրի» նվագախմբի համատեղ ելույթը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։

«Նաիրի» կամերային նվագախումբը ստեղծվել է 2005թ. Ֆրանսիայում, գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է հայազգի Հայկ Դավթյանը: Նվագախումբն իր ծրագրերում մեծ տեղ է հատկացնում հայ դասական երաժշտության կատարմանը։