Ալ Ջերոն սիրում է լսել իր արյան ձայնը
Երաժշտական 3 տարբեր ոճերում՝ ջազում, փոփում և R&B-ում իրեն փորձած Ալ Ջերոն բացատրում է, որ բոլոր այդ փորձերից հետո ցանկացած երաժշտություն օգտագործում է ջազ հյուսելու համար: Երգել սկսել է շատ վաղուց ու պատրաստվում է շարունակել իր գործը դեռ այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհին պետք է երաժշտություն, եթե անգամ մի օր պետք էլ չլինի, ինքը, միևնույն է կշարունակի երգել, թեկուզև լոգարանում:
Մասնագիտությամբ հոգեբան երգիչը հավատացնում է, որ իր մասնագիտությունը շատ է օգնում մարդկանց հետ շփվելու հարցում: Միշտ սիրում է այցելել ու համերգ տալ այն հանդիսատեսների առջև, ովքեր իրեն լսել են տարիներ շարունակ, բայց երբեք կենդանի չեն շփվել. երգչի համոզմամբ ամենակարևորը կենդանի շփումն է:
Հայաստանի մասին Ալ ՋԵրոն քիչ բան գիտի, պատմեց, որ 25 անգամ եղել է Փարիզում, բայց դեռ երբեք չի բարձրացել Էյֆելյան աշտարակ, հետևաբար 25 անգամ այցելելուց հետո Հայաստանի մասին էլ գուցե նույնքան բան կիմանա, որքան Փարիզի: Իր գերզբաղված օրակարգում իրեն օդանավակայանից տանում են հյուրանոց, որտեղ հանգստանում, ճաշում է ու հետո անմիջապես դեպի համերգասրահ:
Կյանքի ամենամեծ նվաճումը Ալ Ջերոն համարում է այն, որ իր կինը մինչև այսօր իր կողքին է. նրանք ունեն 25-ամյա որդի: Իսկ իր նախընտրած երաժշտության մասին հարցին, ջազի աստղը պատասխանեց՝ «Սիրում եմ ականջ դնել արյանս ձայնին…»:










