Հայաստանի Երիտասարդական նվագախումբը համերգ կունենա մայրաքաղաքում
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Հայաստանի Երիտասադական նվագախմբի համերգը՝ մենակատար, ամերիկաբնակ ջութակահար Միխայիլ Սիմոնյանի և նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասնակցությամբ: Համերգային ծրագրում կհնչեն Չայկովսկու Ջութակի կոնցերտը և Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիան:
Հայաստանի Երիտասարդական նվագախումբը կազմավորվել է 2005թ. Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողներից: Այսօր էլ նվագախմբի անդամները նույն բուհում են սովորում, Սերգեյ Սմբատյանը, օրինակ, ջութակի բաժնի ասպիրանտ է: 2008թ. հունվարից նվագախումբը դարձել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ:
Ի դեպ, եռանդից ու խանդավառությունից բացի, Հայաստանի երիտասարդական նվագախումբը մի շարք խնդիրներ ունի: Ամենատարրականը գործիքների 20 տարվա վաղեմությունն է, որը ապշեցրել է Միացյալ Նահագներից ժամանած հայազգի երիտասարդ ջութակահար Միխայիլ Սիմոնյանին, ով արդեն սովորել է աշխատել այնպիսի նվագախմբերում, որտեղ առնվազն 2-3 տարին մեկ փոխում են գործիքները:










