Հայ և թուրք երիտասարդ երաժիշտները կնվագեն միասին
Արամ Խաչատրյան տուն-թանգարանում այսօր կկայանա դասական երաժշտության համերգ հայ և թուրք երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ: Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ասպիրանտուրայում սովորող դաշնակահարուհի Մարինա Գալստյանը կնվագի թուրք երիտասարդ ալտահար Բեստե Թիքնազի հետ: Համերգը նախաձեռնել են հենց մասնակիցները, աջակցել է Հայաստանի մշակույթի նախարարությունը:
Մարինա Գալստյանը և Բեստե Թիքնազը ծանոթացել են Միացյալ Նահանգներում Կամերային երաժշտության փառատոնի ժամանակ, որտեղ նվագել են միասին: Հետո որոշել են համատեղ համերգներ կազմակերպել Երևանում և Ստամբուլում:
Երևանյան համերգն այսօր է, ծրագրում կհնչեն Բրամս, Պուչինի, Էնեսկու, թուրք կոմպոզիտոր Բետին Գյունես, և թուրքահայ կոմպոզիտոր Արտաշես Ագոսյան: Վերջինս Բեստեի ընկերն է, ալտի համար սոնատ է գրել և նվիրել նրան: Սոնատի պրեմիերան կայացել է Գյումրիում, որտեղ Մարինան և Բեստեն նվագել են 3 օր առաջ:
Մարինա Գալստյանը և Բեստե Թիքնազը նախատեսում են գարնանը համերգ ունենալ նաև Ստամբուլում:










