Սուրեն Բագրատունին և Ստիվեն Պրուստմանը երևանյան բեմում

10:50 • 25.10.08

«Վերադարձի» դասական երաժշտության 2-րդ փառատոնի շրջանակներում այսօր Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կկայանա համերգ համաշխարհային երաժշտության 2 հայտնի անունների մասնակցությամբ՝ Սուրեն Բագրատունի՝ թավջութակ, և Ստիվեն Պրուտսման՝ դաշնամուր:

Սուրեն Բագրատունին Չայկովսկու անվան միջազգային մրցույթի արծաթե մեդալակիր է։ Նա աշխարհի ամենահայտնի թավջութակահարներից մեկն է, Մոսկվայի կոնսերվատորիայի Տրիոյի անդամ, Իլլինոյսի համալսարանի պրոֆեսոր, նաև Շվեյցարիայի Սուրբ Գալենի միջազգային կամերային երաժշտության և Կանադայի միջազգային երաժշտական փառատոնների խորհրդական։

Իսկ Ստիվեն Պրուտսմանը իր երաժշտական գործունեությունը ծավալում է ոչ միայն որպես դաշնակահար, այլ նաև որպես դիրիժոր և կոմպոզիտոր: Իր կատարմամբ ու ստեղծագործություններով աշխարհին հայտնի Պրուստմանը նաև Կոլումբիայում անցկացվող Կարթագենի միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավարներից է, կամերային երաժշտության ծրագրերով պարբերաբար նվագում է տարբեր հանրահայտ նվագախմբերի հետ:

Սուրեն Բագրատունին և Ստիվեն Պրուտսմանը միասին հանդես են գալիս Նոբիլիս եռյակում, որի կազմում է նաև ջութակահար Ռուջերո Ալիֆրանչինին:

Ի դեպ, աշխարհահռչակ թավջութակահարն ու դաշնակահարը Երևանում ելույթ կունենա ևս մեկ անգամ: Հոկտեմբերի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում նրանք կնվագեն Արամ Ղարաբեկյանի գլխավորած Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, որով էլ կամփոփվի Վերադարձի 2-րդ փառատոնը: