Համաշխարհային օպերային աստղը ելույթ կունենա Երևանում
Նոյեմբերի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում ելույթ կունենա համաշխարհային օպերային արվեստի ամենահնչեղ անուններից մեկը՝ վրացի բաս Պաատա Բուրչուլաձեն: Օպերային աստղին բեմում կընկերակցի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ: Երևանում Պաատա Բուրչուլաձեն կկատարի արիաներ Մուսորգսկու և Վերդիի օպերաներից:
Պաատա Բուրչուլաձեն համարվում է մեր ժամանակների ամենահզոր բասերից մեկը: Դեռ 1987թ. Զալցբուրգի փառատոնում լսելով Բուրչուլաձեին՝ ավստրիացի անվանի դիրիժոր Հերբերտ ֆոն Կարայանը նրան անվանել է «երկրորդ Շալյապին»: Նա եղել է հանրահայտ իտալացի երգչուհի Ջուլիետտա Սիմիոնատոյի աշակերտը, իր ստեղծագործական կարիերայի ընթացքում հասցրել է նվաճել այնպիսի բեմեր, ինչպիսիք են Լա Սկալան, Մետրոպոլիտեն օպերան, Վիեննայի պետօպերան և այլն:










