Պրեմիերա. Դիդրոյի «բարոյականությունը» «Ազատաբարո» ներկայացման մեջ
Երևանի կամերային երաժշտական թատրոնում կայացավ նոր ներկայացման պրեմիերա: «Ազատաբարո» կոչվում է Էրիկ-Էմանուել Շմիտի համանուն թատերգության հիման վրա բեմադրված ներկայացումը, որ հեղինակել է ռեժիսոր Սերժ Մելիք Հովսեփյանը: Ներկայացման մեջ հանդես են գալիս դերասաններ Սերգեյ Դանիելյանը, Նարինե Գրիգորյանը, Տաթև Մելքոնյանը, Նանոր Պետրոսյանը, Աստղիկ Գրիգորյանը և Արթուր Նազարյանը:
«Ազատաբարոն» մի զվարճալի փիլիսոփայական թատերգություն է ֆրանսիական Լուսավորչության դարաշրջանի ամենավառ անուններից մեկի՝ Դենի Դիդրոյի՝ բարոյականության տեսության մասին: Առաջին հայացքից թեթև ու պարզ տեսարաններով բացահայտվում են կին-տղամարդ փոխհարաբերությունների խնդիրները, սեռերի բարոյականության սահմաններն ու առանձնահատկությունները:
Էրիկ-Էմանուել Շմիտը մեր ժամանակների ամենասիրված թատերագիրներից մեկն է, նրա թատերգությունները տարբեր լեզուներով բեմադրվում են մի շարք երկրներում: Դենի Դիդրոն եղել է նրա երիտասարդ տարիների հետաքրքրության առարկան, որին հետագայում անդրադարձել է իր դոկտորական թեզում:
Առաջիկայում Կամերային երաժշտական թատրոնում սպասվում են նոր պրեմիերաներ՝ Ս. Կոսյանի «Կյանքը վանդակի կողքին», Շ. Պեռոյի «Մոխրոտը» և Գ. Գորինի «Բարոն Մյունհաուզեն»:










