«Սիրիան և արաբական երկրները հայ արաբագետների ուսումնասիրություններում»` ցուցահանդես Հալեպում

17:00 • 28.10.08

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Հալեպի մշակույթի պետական կենտրոնի հետ համատեղ հոկտեմբերի 21-28-ը կազմակերպեց «Սիրիան և արաբական երկրները հայ արաբագետների ուսումնասիրություններում» խորագրով գրքերի ցուցահանդես, որում հայ արաբագիտական դպրոցը ներկայացնում էր արաբագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը։

Ինչպես հաղորդում է ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը, հոկտեմբերի 22-ին Հալեպի մշակութային կենտրոնի սրահում տեղի ունեցավ ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին Հալեպի մշակույթի պետական կենտրոնի և նահանգապետարանի պաշտոնատար անձինք, Հայոց Բերիո թեմի առաջնորդը, Հալեպում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաև հալեպահայ համայնքի գրական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսին ներկայացված էր մոտ 300 գիրք, որոնք վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանում հրատարակված ուսումնասիրություններ են արաբական երկրների պատմության, մշակույթի, հայ-արաբական հարաբերությունների, Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Ցուցահանդեսի նպատակն էր` սիրիական հանրությանը ներկայացնել Սիրիայի և մյուս արաբական երկրների վերաբերյալ Հայաստանում կատարվող հետազոտությունները և լայնածավալ աշխատանքը։

Հոկտեմբերի 23-ին Հալեպի մշակույթի պետական կենտրոնի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Նիկոլայ Հովհաննիսյանի դասախոսությունը` «Հայաստանը արաբագիտական ուսումնասիրությունների կենտրոն» թեմայով։

Վերոհիշյալ միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին Սիրիայի մամուլում ու հեռուստատեսությամբ և դրական արձագանք գտան Հալեպի պետական մարմինների և հայ համայնքի կողմից։