Հայաստանը՝ Գրքի միջազգային տոնավաճառում
Հոկտեմբերի 15-19-ը Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացվել է Գրքի 60-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցել է նաև Հայաստանը՝ ի դեմս «Հայաստանի հրատարակիչների ասոցիացիայի», «Անտարես», «Զանգակ-97», «Էդիտ Պրինտ» հրատարակչությունների և «Արտ Բրիջ» գրախանութի:
Ի տարբերություն նախորդ տարիների, երբ հայկական տաղավարը զբաղեցրել է ընդամենը 8քմ տարածք, այս տարի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում հրատարակված գրքերը տոնավաճառում ցուցադրվել են 20քմ տարածք զբաղեցնող տաղավարում:
Գրքի միջազգային տոնավաճառում հայկական գրահրատարակչությունը ներկայացվել է ավելի քան 400 անուն գրքերով՝ հանրագիտարաններ, գեղարվեստական, մանկական գրականություն, ալբոմներ և այլն: Հայկական տաղավարում առանձնացվել են 2 անկյուններ՝ նվիրված Վիլյամ Սարոյանի 100 և հայերեն առաջին տպագիր գրքի՝ «Ուբաթագրքի» 500-ամյակներին:










