Խոր-Վիրապում տեղադրվեցին բազմալեզու տեղեկատվական-բացատրական վահանակներ
ՀՀ մշակույթի նախարարության համագործակցությամբ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր մշակութային հասարական կազմակերպությունը, Գյումրի քաղաքում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն և USAID/CAPS-ը «Ճանաչեք hայկական հուշարձանները» ծրագրի շրջանակներում Խոր Վիրապում` տաճարի հարևանությամբ, այսօր տեղադրեցին թանգարանային բացօթյա բազմալեզու տեղեկատվական-բացատրական վահանակներ, ինչպես նաև ճանապարհային ուղեցույցներ։ Այդ մասին հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունը:
Առաջին փուլում ընգրկված վերջին հնավայրը Խոր Վիրապի վանական համալիրը և Հին Արտաշատի պեղումների վայրն է։ Վահանակները պատմում են Խոր վիրապի մահապարտների բանտում Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների, ինչպես նաև քրիստոնեությունը Հայաստանում տարածելու նրա առաքելության մասին։ Բացօթյա բազմալեզու այս ցուցանակները ներկայացնում են Արտաշատի հարուստ պատմությունը` պատկերելով նրա երբեմնի ճոխությունն ու հին հայերի ապրելակերպը։
Այս ծրագրի շրջանակներում միայն այս տարի վահանակներ են տեղադրվել Գառնու տաճարի հարևանությամբ, Գյումրու պատմական միջուկում`քաղաքի կենտրոնում, Զվարթնոցի տաճարում, Նորավանքում` Գնիշիկաձորի լանդշաֆտով, հիմա նաև` Խոր Վիրապում և Հին Արտաշատի պեղումների վայրում։










