Սանկտ Պետերբուրգում բացվել է Բորիս Պիոտրովսկու ծննդյան 100-ամյակին նվիրված «Արարատի ստորոտին» ցուցահանդեսը
Ս. թ. հոկտեմբերի 29-ին Սանկտ-Պետերբուրգում` Պետական Էրմիտաժում, բացվել է Բորիս Պիոտրովսկու ծննդյան 100-ամյակին նվիրված «Արարատի ստորոտին» ցուցահանդեսը։
Բացմանը ներկա են եղել Սանկտ Պետերբուրգում հավատարմագրված դիվանագետներ, գիտնականներ, մշակույթի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչությունը։
Բացելով ցուցահանդեսը` Միխաիլ Պիոտրովսկին նշել է, որ ցուցահանդեսը հիշողություն է Հայաստան երկրի, միմյանց հաջորդող հնագույն մշակույթների, զարմանալի հնագիտական հայտնագործությունների, նաև դրանց ուսումնասիրմանը իրենց կյանքն ու տաղանդը նվիրած հնագետների մասին։ Ցուցահանդեսը Բորիս Պիոտրովսկու, նրա ռուս և հայ գործընկերների, աշակերտների, նրա կնոջ` հնագետ Հռիփսիմե Ջանփոլադյան-Պիոտրովսկայայի հիշատակին է։
Միխաիլ Պիոտրովսկին անդրադարձել է Էրմիտաժի և Հայաստանի պատմության թանգարանի բազմամյա համագործակցությանը, նշել, որ թանգարանի տասնյակ աշխատակիցներ իրենց կյանքը կապել են Հին Հայաստանի հետ, բազմաթիվ հայ գիտնականներ առնչվել են Էրմիտաժի ավանդույթներին։ Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի Պատմության և Էրեբունի թանգարանների աշխատակիցներին, հյուպատոսությանը, Վ. Պոտանինի բարեգործական հիմնադրամին ցուցահանդեսի նախապատրաստման եւ անցկացման համար։
Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսք են ասել Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, Սանկտ Պետերբուրգի և տարածաշրջանի Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Նշան աբեղա Պետրոսյանը, ով ներկայացրել է Հայ Առաքելական եկեղեցու Նոր-Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ, հայրապետական պատվիրակ, Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի ողջույնի ուղերձը։










