Պրեմիերա. մինի օպերաներ` Թումանյանի հեքիաթների հիման վրա

14:00 • 04.11.08

Նոյեմբերի 5-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կկայանա հնագույն երաժշտության «Վարք հիմարաց» ընդհանուր վերնագրով խաղերգերի պրեմիերան, որ ներկայացնում է «Տաղարան» համույթը: Մինի օպերայի հիմքում ժողովրդական բանահյուսությունն է, մասնավորապես Հովհ. Թումանյանի 4 հեքիաթները` «Խելոքն ու հիմարը», «Բարեկենդանը», «Անբան Հուռին» և «Կիկոսի մահը»: Հեքիաթների փոփոխված տեքստի հիման վրա «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյանը գրել է լիբրետտո ու անձամբ էլ բեմադրել: Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Դավիթ Սաքոյանն է:

«Վարք հիմարաց» մինի օպերայում հանդես են գալու «Տաղարան» համույթի երաժիշտներն ու մենակատարները` ի դեմս Լուսինե Մարկոսյանի, Քրիստինե Սահակյանի, Պերճ Քարազյանի և Հովսեփ Նշանյանի:

Խաղերգերի կամ մինի օպերաների ժանրը նորություն է հայ կատարողական արվեստում: Հենց այդ նորարարությունն էլ գրավել է մշակույթի նախարարությանը. նախաձեռնությունն իրականացվում է պետական պատվերով, նախարարությունը տրամադրել է շուրջ 1մլն դրամ: