Ռուսական գեղանկարչության ստեղծագործության արժեքի համաշխարհային ռեկորդ է սահմանվել

16:58 • 04.11.08

Աշխարհահռչակ նկարիչ Կազիմիր Մալևիչի կտավը, որը վաճառվել է 60 մլն դոլարով Նյու Յորքի երեկոյան աճուրդին, գեղանկարչության ռուսական ստեղծագործությունների արժեքի համաշխարհային ռեկորդ է սահմանել: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով Sotheby’s մամլո ծառայությանը:

 ««Սուպրեմատիկ կոմպոզիցիա» կտավի դիմաց վճարած գումարը ռեկորդային է ոչ միայն Մալևիչի համար, այլև ռուսական գեղանկարչական ստեղծագործությունների համար, որոնք երբևէ հանվել են աճուրդի»,- նշել է մասնագետներից մեկը:
««Սուպրեմատիկ կոմպոզիցիան», որը ստեղծվել է Մալևիչի կողմից 1916թ., հայտնվել է արվեստի գործերի շուկայում նկարչի բարեկամների շնորհիվ, որոնք, ըստ օրենքի, ձեռք են բերել կտավը Ամստերդամի Ստեդելիկ թանգարանից:
Ավելի վաղ Sotheby’s –ի մասնագետները հայտարարել են, որ նախատեսում են վաճառել կտավը նախնական գնից ավելի թանկ. չէ՞որ Մալևիչի ի հայտ գալը շուկայում գրեթե բացառիկ դեպք է:

Միևնույն ժամանակ որոշ փորձագետներ, հաշվի առնելով տնտեսական ճգնաժամը, կարծում էին, որ կտավը չի վաճառվի:

Էմանուել Դի Դոննան` իմպրեսիոնիզմի և ժամանակակից արվեստի բաժնի փոխնախագահը, իր հերթին, մեկնաբանելով աճուրդի ավարտը, նշել է, որ «նրանք հուզված են Մալևիչի կտավի վաճառքից ստացված գումարից»: