Ֆրանսիական երգերի մրցույթ` Երևանում

16:05 • 07.11.08

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի նախաձեռնությամբ, Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի օժանդակությամբ և Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանության գործընկերությամբ նոյեմբերի 11-ին ժամը 15-ին Սլավոնական համալսարանի Մեծ դահլիճում (հասցեն՝ Հովսեփ Էմին 123) կկայանա ֆրանսիական երգերի միջհամալսարանական բացառիկ մրցույթ։

Երևանի և Գյումրիի հինգ համալսարանների 20 ուսանողներ կպայքարեն ԱԳԲԱ բանկի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Մեծ մրցանակի, Ֆրանսիայի դեսպանության 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակների, ինչպես նաև Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի, Երևանի Կոնյակի գործարանի, Իվ Ռոշեի և Լը Բուշոն ռեստորանի մրցանակների համար։ Արհեստավարժ երաժիշտներից կազմված ժյուրին կապահովի մրցույթի անաչառությունը։ Հայաստանում Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպաններն իրենց ներկայությամբ կպատվեն ֆրանկոֆոն երաժշտության այս գեղեցիկ տոնը։