«Ոսկե Ծիրան»-ը տարածաշրջանային կինոդպրոց է հիմնել
Հաշվի առնելով երիտասարդների մեծ հետաքրքրությունը փառատոնի ընթացքում անցկացվող վարպետության դասերի նկատմամբ՝ «Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները հիմնել են նոր դպրոց, որ կկոչվի Սևծովյան ավազանի և Կովկասյան տարածաշրջանի համագործակցության երկրների կինոդպրոց: Դրա հիմքը դրվել է դեռ հուլիսին, երբ փառատոնի ավարտից հետո կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը վարպետության դասեր անցկացրեց մի քանի ազգեր ներկայացնող կինոգործիչների հետ, նկարահանվեց մի ֆիլմ, որը կցուցադրվի արդեն գալիք «Ոսկե Ծիրանի» օրերին:
Այս օրերին կինոդպրոցի «ուսուցիչը» աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Աբբաս Քիարոստամին է, ով մինչև նոյեմբերի 17-ը workshop կանցկացնի հայ, վրացի և իրանցի ավելի քան 30 երիտասարդ ռեժիսորների համար:
Ի դեպ, նորաստեղծ կինոդպրոցը ստացել է մշակույթի նախարարության աջակցությունը. վերջինս դպրոցի համար մոտ 100քմ տարածք է տրամադրել պարարվեստի ուսումնարանի շենքում, որը ժամանակավորապես կծառայի նաև որպես փառատոնի գրասենյակ: Ինչպես հույս հայտնեց կինոգետ, մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը, գուցե առաջիկայում հաջողվի հիմնել նաև փառատոնային կենտրոն, ինչպես վայել է նման մասսայականություն վայելող կինոփառատոնին:










