Մեկնարկում է «Ջիվան Գասպարյան և ընկերներ» համերգաշարը

10:12 • 11.11.08

Հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանի 80-րդ տարեդարձի առթիվ մեկնարկում է «Ջիվան Գասպարյան և ընկերներ» համերգաշարը՝ 4 համերգներով: Այսօր՝ նոյեմբերի 11-ին, վերանորոգված մարզահամերգային համալիրի համերգային սրահի բեմից դուդուկի վարպետին կշնորհավորեն մի խումբ աշխարհահռչակ երաժիշտներ, ովքեր մեծամասամբ առաջին անգամ են Հայաստանում:

Ջիվան Գասպարյանին շնորհավորելու են եկել բրիտանացի անվանի երաժիշտ Ալան Պարսոնսը իր հիմնած «Alan Parsons Live Project» նախագծով, իտալացի ռոք երգիչ Զուկերոն, շվեյցարացի երաժիշտ Անդրեաս Վոլենվեյդերը, ամերիկահայ ստեղնահար Դերեք Շիրինյանի հիմնած «Planet X» խումբը, իսպանացի Պեդրո Էուստաչեն, Ռուսաստանից՝ Բորիս Գրեբենշիկովը, Եվգենի Պետրոսյանը և ուրիշներ: Հայաստանից իրենց հայրենակցին բեմից կշնորհավորեն Աննա Մայիլյանը, Ֆլորա Մարտիրոսյանը, Թաթուլ Ալթունյանի անվան և «Բերդ» պարային համույթները և ուրիշներ:

Արտերկրից ժամանած երաժիշտները շատ ուրախ են, որ հնարավորություն ունեն այցելել Հայաստան նման հիանալի առիթով, Ջիվան Գասպարյանի հետ էլ համագործակցել են այլ երկրներում՝ հանդես գալով տարբեր բեմերում ու ձայնագրվելով տարբեր ստուդիաներում: Նրանցից մի քանիսը՝ Զուկերոն, Ալան Պարսոնսը և «Planet X» խումբը առաջիկա օրերին՝ նոյեմբերի 12-ին, 13-ին և 14-ին, մարզահամերգային համալիրում հանդես կգան նաև մենահամերգներով: