Նորվեգիան գլխավորում է սեռերի իրավահավասարության ցուցակը. Հայաստանն ընդամենը 78-րդն է

16:13 • 12.11.08

Հրապարակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի ուսումնասիրությունը, որի համաձայն` Նորվեգիան զբաղեցնում է առաջին հորիզոնականը` գենդերային հավասարության ցուցակում (Global Gender Gap Report 2008): Այդ մասին հաղորդում է Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնական կայքէջը:

Նորվեգիային հաջորդում են հյուսիսային ևս երեք երկրներ` Ֆինլանդիան, Շվեդիան և Իսլանդիան, որոնք զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ, երրորդ և չորրորդ հորիզոնականները:

Քաղաքական, կրթական և տնտեսական բնագավառներում աշխարհում սեռերի իրավահավասարության տարբերությունը զգալի կրճատվել է, մինչդեռ առողջապահության ոլորտում այն շարունակում է մեծ մնալ:

Ֆորումի 2008թ. հաշվետվության համաձայն` կանայք ավելի շատ պաշտոնական դիրքեր են սկսել զբաղեցնել ֆինանսական հաստատություններում և կառավարությունում, ինչը, ըստ Global Gender Gap Report-ի, կարևոր է առկա ֆինանսավարկային ճգնաժամի պայմաններում:

«Կանանց դերը կառավարությունում և ֆինանսական հաստատություններում կարևոր է ոչ միայն ներկա ֆինանսական ճգնաժամի պայմաններում, այլև հետագայում նման խնդիրները կանխելու համար»,- նշել է ֆորումի նախագահ Կլաուս Շվաբը:

130 երկրներից բաղկացած ցուցակում Մեծ Բրիտանիան այս տարի զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը (նախորդ տարի` 11-րդը), մինչդեռ Ֆրանսիան այն երկրների շարքում է, որտեղ սեռերի իրավահավասարության վարկանիշը կտրուկ աճ է գրանցել նախորդ տարվա համեմատ։ Ֆրանսիան 51-րդ տեղից բարձրացել է 15-րդ հորիզոնական: Սիրիան, Եթովպիան և Սաուդյան Արաբիան զբաղեցնում են վարկանիշային աղյուսակի ստորին հատվածը: Առաջին 20-յակում են Գերմանիան (11), Իսպանիան (17), Հոլանդիան (9), Լատվիան (10) և Շրի Լանկան (12):

Ռուսաստանը սեռերի իրավահավասարության վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 42-րդ հորիզոնականը` առաջ անցնելով Ղրղզստանից և Ուգանդայից, իսկ Միացյալ Նահանգները` 27-րդ տեղը:

Հայաստանը զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը: Ի դեպ, նշենք, որ նախորդ տարվա Global Gender Gap Report-ում մեր երկիրը 77-րդն էր, իսկ դա նշանակում է, որ մենք ոչ միայն աճ չենք գրանցել, այլև հետընթաց ենք արձանագրել։

Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանը զբաղեցնում է 61-րդ հորիզոնականը` առաջ անցնելով Ուկրաինայից (62): Վրաստանը` 82-րդն է, իսկ Թուրքիան` 123-րդը: