Կայացավ դուդուկի վարպետին նվիրված բացառիկ համերգը
Երեկ՝ նոյեմբերի 11-ին, վերանորոգված մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում կայացավ երկար սպասված համերգը՝ նվիրված անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանի 80-ամյա հոբելյանին: Համերգն իսկապես բացառիկ էր, քանի որ Հայաստանում կատարողների նման կազմ հանդես էր գալիս առաջին անգամ: Իրենց ելույթով Վարպետին պատվեցին հայ բեմի այնպիսի անուններ, ինչպիսիք են Ֆլորա Մարտիրոսյանը, Գեղամ Գրիգորյանը, Աննա Մայիլյանը, Բարսեղ Թումանյանը, Սոֆի Դևոյանը և ուրիշներ: Առաջին անգամ Հայաստանում ու հենց Ջիվան Գասպարյանի պատվին մարզահամերգային համալիրում ելույթ ունեցան նաև շվեյցարացի երաժիշտ Անդրեաս Վոլենվայդերն՝ իր էլեկտրոնային տավիղով, բրիտանացի Ալան Պարսոնսն իր նախագծով, ռուսական ռոքի աստղ Բորիս Գրեբենշչիկովը, ամերիկահայ Դերեք Շիրինյանն իր հիմնած «Planet X» խմբով, փողային գործիքների վարպետ իսպանացի Պեդրո Էուստաչեն և, իհարկե, աշխարհահռչակ Զուկերոն: Դուդուկի մեղեդին ողջ համերգի ընթացքում հնչեցնում էր Վարպետի թոռը՝ Ջիվան Գասպարյան–կրտսերը:
Ջիվան Գասպարյանին շնորհավորելու համար Լոնդոնից ժամանել էր նաև Փիթեր Գաբրիելը, ով թեև ելույթ չունեցավ, բայց իր ներկայությամբ պատվեց 80-ամյա դուդուկահարին: Նրան շնորհավորեցին նաև անվանի մարզիկներ՝ բռնցքամարտի չեմպիոն Արթուր Աբրահամը և ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը: Վերջինս ժամանել էր Միացյալ Նահագներից և իր 45 համաշխարհային ռեկորդներից մեկը՝ մեդալի տեսքով, նվիրեց Ջիվան Գասպարյանին:
Ջիվան Գասպարյանի 80–ամյակին նվիրված համերգաշարն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Համերգին ներկա էին նախագահը, վարչապետը և մշակույթի նախարարը:
Առաջիկա 3 օրերին կկայանան Զուկերոյի, Ալան Պարսոնսի և «Planet X»-ի մենահամերգները:










