Գիտաժողով Կիևում` նվիրված Հովհաննես Թումանյանի և Տարաս Շեւչենկոյի ստեղծագործական ժառանգությանը

20:17 • 12.11.08

Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակի կապակցությամբ Ուկրաինայի հայերի միության և Կիևի հայ համայնքի կողմից 2008 թվականը հայտարարվել էր թումանյանական տարի։

Այդ ծրագրի շրջանակում նոյեմբերի 6-9-ը Կիևում տեղի է ունեցել գիտական գիտաժողով` նվիրված Հովհաննես Թումանյանի և Տարաս Շեւչենկոյի ստեղծագործական ժառանգությանը, որը համատեղ կազմակերպել էին Հայաստանի և Ուկրաինայի Ազգային ակադեմիաների գրականության ինստիտուտները և Կիևի հայ համայնքը։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, գիտաժողովի բացման խոսքում Ուկրաինայի Ազգային ակադեմիայի Շևչենկոյի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Ժուլինսկին շնորհավորել է գիտաժողովի մասնակիցներին միջոցառման կազմակերպման կապակցությամբ՝ ցանկանալով գիտական և ստեղծագործական հաջողություններ։ Նա նշել է, որ գիտաժողովը կարեւոր հանգրվան կհանդիսանա երկու խոշոր բանաստեղծների գրական ժառանգության նորովի իմաստավորման և նոր սերնդին փոխանցման ու դաստիարակման համար։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը, ով կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը և նշանակությունը երկու երկրների և ժողովուրդների գիտական, մշակութային մերձեցման և հարաբերությունների զարգացման գործում։ Նա նշել է, որ երկու բանաստեղծների գրական ժառանգությունն ունի ոչ միայն ազգային, այլեւ համաշխարհային նշանակություն, և հայերեն ու ուկրաիներեն թարգմանված ստեղծագործությունները դարձել են երկու ժողովուրդների մշակութային սեփականությանը։

Թումանյանական տարվա շրջանակում Ուկրաինայի հայերի միությունը և Կիևի հայ համայնքը գրական երեկոներ, թումանյանական ընթերցումներ են կազմակերպել նաև ուսումնական հաստատություններում։