Բուդապեշտում անցկացվել է «Արտույտների ագարակը» վեպի հունգարերեն թարգմանության շնորհանդեսը

13:30 • 13.11.08

Ս.թ. նոյեմբերի 11-ին Բուդապեշտի Իտալական մշակութային կենտրոնում կայացել է Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վեպի հունգարերեն թարգմանության շնորհանդեսը, որին մասնակցել է նաև Անտոնիա Արսլանը։

Ողջույնի խոսքով ներկաներին է դիմել Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, ով բարձր է գնահատել հայերի, հունգարացիների և իտալացիների համագործակցությամբ կազմակերպված շնորհանդեսը` այն բնորոշելով որպես բազմամշակութային միջոցառում։ Նա գոհունակություն է հայտնել գրքի հուգարերեն թարգմանվելու կապակցությամբ և նշել, որ այն հունգար ընթերցողներին հնարավորություն կընձեռի ծանոթանալ Հայոց ցեղասպանության դրվագներից մեկին։

Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Անտոնիա Արսլանը և ներկայացրել իր ստեղծագործությունը։

Շնորհանդեսին ներկա են եղել հունգարացի քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, ուսանողներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչությունը։