Ալբերտ Մկրտչյան. «Ես ֆիլմեր եմ նկարահանում հայի մասին…»

08:30 • 15.11.08

Հոկտեմբերի 30-ին Գյումրիում, իսկ հետո նաև Երևանում կայացավ ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի նոր ֆիլմի պրեմիերան, որ վերնագրված է «Տխուր փողոցի լուսաբացը»: «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Ուրախ ավտոբուս» և այլ ֆիլմերի հեղինակն իր նոր ֆիլմը կառուցել է ղարաբաղյան պատերազմի և դրան առնչվող մարդկային պատմությունների շուրջ: Ֆիլմը մի գյումրեցի կնոջ մասին է, ում 2 որդիներն ու ամուսինը մեկնում են պատերազմի դաշտ, գլխավոր դերերում հանդես են եկել Գուժ Մանուկյանը, Անահիտ Քոչարյանը և ուրիշներ:

«Պատերազմի մասին պատմող այս ֆիլմում ընդամենը մեկ կրակոց է լսվում, ֆիլմն ամբողջությամբ հիմնված է մարդկային հոգեբանական պատերազմի վրա», - բացատրում է ռեժիսորը, ում խոստովանությամբ՝ ինքը նկարում է ֆիլմեր միայն հայի մասին: Ու թեև ինչպես ամեն աշխատանքից հետո, այս անգամ էլ վախով էր ֆիլմը հանձնում հանդիսատեսի դատին, բայց, պարզվում է, բոլորն այն ընդունել են երկարատև հոտնկայս ծափերով, ռեժիսորն ինքը բավական հուզվել ու հավանել է վերջնական արդյունքը:

«Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմի նկարահանումները սկսվել էին դեռ 2006թ-ին և իրականացվել են Գյումրիում ու Արցախում: Առաջիկայում ֆիլմը կցուցադրվի նաև Հանրային հեռուստաընկերության եթերում: