Ազգային կինոկենետրոնը ձգտում է ազգային արժեքներ ստեղծել
Ալբերտ Մկրտչյյանի «Տխուր փողոցի լուսաբացը», Հարություն Խաչատրյանի «Սահման», Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ», Դավիթ Սաֆարյանի «Նա և Նե», Միքայել Դովլաթյանի «Սողանք», ֆիլմեր, որոնք հանդես են գալիս որպես Հայաստանի ազգային կինոկենտրոնի 2008թ-ի գործունեության արդյունք: Գալիք տարվա մեջ էլ ավարտին կհասցնեն Վահե Կևորկովի «Օրորոցային»-ը, Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն»-ը, Վիգեն Չալդրանյանի «Մաեստրո»-ն և «Սպիտակ ձիու ամառը», Արամ Շահբազյանի «Չնչիկը» և այլ ֆիլմեր, որոնց թվում նաև անիմացիոն և դեբյուտային աշխատանքներ:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը հավատացնում է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն սկսվել կինոարտադրության նկատմամբ, ու թեև 2000թ-ից հետո չի ավելացել պետության հատկացրած 250 միլիոն դրամ բյուջեն, այդուհանդերձ հայ կինոն մեծ զարգացումներ է ապրում:
«Մենք ոչ միայն փորձում ենք ֆիլմարտադրություն կազմակերպել, ալյև ստեղծել մնայուն ազգային արժեքներ»:
Վերջին շրջանում նախաձեռնել ու իրականցնում են մի շարք ծրագրեր, որոնց մեջ հատկապես մեծ տեղ է հատկացվում երիտասարդ կադրերի մասնակցությանը: Ինչպես նշեց Գևորգ Գևորգյանը, պետք է ամեն ինչ անենք, որ նոր Փարաջանով ծնվի, որ Փելեշյանը գա ու այստեղ աշխատի»: Ի դեպ, Ալբերտ Մկրտչյյանի «Տխուր փողոցի լուսաբացը», Հարություն Խաչատրյանի «Սահման», Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ժապավենները 2009թ-ին կներկայացվեն մի քանի հեղինակավոր միջազգային կինոփառատոների՝ այդ թվում Կաննում և Վենետիկում:
«Հայաստանի ազգային կինոկենտրոնը» ձևավորվել է 2006թ-ին և հանդիսանում է Համո Բեկնազարանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդը:










