«Կյանքի գինը» հեռուստասերիալը վարկանշային ցուցակում առաջիններից է

14:16 • 21.11.08

Արմենիա հեռուստաընկերության նոր հեռուստասերիալը՝ «Կյանքի գինը» կարճ ժամանակահատվածում հասցրեց գրավել հեռուստադիտողների ուշադրությունը և ականատեսը դարձնել լարված ու հետաքրքիր սերիաների:


Ֆիլմում ներառված են մեր ժամանակների հայտնի ու պրոֆեսիոնալ դերասանները՝ Ալեքսանդր խաչատրյանը, Վիգեն Ստեփանյանը,  Սամվել Սարգսյանը, Ալլա Թումանյանը, Սոֆի Դևոյանը, երիտասարդ դերասաններից՝ Սոս Ջանիբեկյանը, Աբել Աբելյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը:
Գլխավոր դերակատարներից Սոս Ջանիբեկյանը սերիալում առաջին անգամն է նկարահանվում և աշխատանքը երիտասարդ դերասանի համար բավականին հետաքրքիր է.«Լավ է, որ Հայաստանում ևս փորձում են նկարահանել սերիալներ, որոնք արտացոլում են հայկական իրականությունը:

Այսպիսով` զարգանում է  ոլորտը, նաև մեծ հնարավորություն է դերասանների համար: Ես ուրախ եմ, որ ինձ ևս ընտրեցին կինոյում խաղալու համար: Սա ինձ համար մեծ պատասխանատվություն է՝ խաղալ ավագ սերնդի դերասանների հետ, ովքեր տասնամյակների փորձ ունեն»:


Դերասան Աբել Աբելյանի համար նույնպես սերիալում նկարահանվելը շատ կարևոր է և մեծ բավականություն է պատճառում.«Ճիշտ էր այսպիսի սերիալ նկարահանելը, այն իր որակով և բովանդակությամբ նորություն է հայկական ֆիլմարտադրության մեջ: Ինձ համար հաճելի է աշխատել պրոֆեսիոնալ դերասանների ու բանիմաց ստեղծագործական խմբի հետ: Մենք կարողանում ենք ամենօրյա աշխատանքում չկորցնել որակը և չհիասթափեցնել հեռուստադիտողին, իսկ այն որ մարդիկ արդեն սիրում են ու ամեն օր մեծ անհամբերությամբ են սպասում սերիալի ցուցադրությանը՝ դրա մասին վկայում են նրանց արձագանքները»:


«Կյանքի գինը» սերիալի մոնտաժը ևս վստահված է երիտասարդ մասնագետի: Օրվա ավարտին նրա աշխատասեղանին են լինում ռեժիսորի, դերասանների և օպերատորների աշխատանքը. վերջնական աշխատանքը մոնտաժի ռեժիսորինն է՝ Մանվել Հովսեփյանինը մեծ պատասխանատվությամբ է աշխատում, որպեսզի անվանի դերասանների խաղը իր մոնտաժի արդյունքում չտուժի.«Ինձ համար մեծ պատասխանատվություն է, որ «Արմենիա» հեռուստաընկերությունն իր կարևոր նախագծերից մեկը վստահել է ինձ: Իհարկե՝ այսօր Հայաստանում մի փոքր դժվար է սերիալ մոնտաժելը, որովհետև օրակարգի խնդիր կա: Ամեն օր նկարահանումներ են լինում և դու պետք է այնպես անես, որ ցուցադրությունից առաջ սերիան պատրաստ լինի ու ամենկարևորը՝ որակով»: