Երիտասարդական թատրոնն ու ռեժիսուրան հանրապետական 3-րդ փառատոնում
Նոյեմբերի 21-28-ը Երևանում անցկացվում է Երիտասարդական թատերական ռեժիսուրայի 3-րդ հանրապետական փառատոնը, որ նախաձեռնել է Թատերական գործիչները միությունը մշակույթի նախարարության հետ համատեղ: Փառատոնին այս տարի մասնակցում են մի խումբ երիտասարդ թատերական գործիչներ՝ բեմադրիչներ, դերասաններ, թատրոնի նկարիչներ, ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից. մեկ ներկայացմամբ հանդես կգա Գյումրին և երկուսով՝ Վանաձորը:
Երիտասարդական թատերական փառատոնին իրենց բեմադրություններով մասնակցում են այնպիսի ծանոթ անուններ, ինչպիսիք են Վահան Բադալյանը, Գրիգոր Խաչատրյանը, Նարինե Գրիգորյանը, Լուսինե Երնջակյանը, Լիլի Էլբակյանը, Սաթենիկ Խաչատրյանը և ուրիշներ: Բեմադրությունների հիմքում դասական և ժամանակակից հեղինակների գործեր են: Պրեմիերայով հանդես կգա փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը: Նրա բեմադրած «Ամերիկյան երազանք»-ը ֆինանսավորվել է Թատերական գործիչների միության կողմից անցած դեկտեմբերին հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված գումարից: Փառատոնին մասնակցող մի քանի ներկայացումներ ևս ստեղծվել են միության աջակցությամբ:
Երիտասարդական թատերական փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2006թ-ին, իսկ 2007-ին այն կայացել է Գյումրիում:










