Կինը և կինոն. կմեկնարկի 5-րդ «Կին» կինոփառատոնը

09:38 • 24.11.08

Նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 2-ը Երևանում կանցկացվի «Կին» միջազգային 5-րդ կինոփառատոնը, որի նպատակն է վերաիմաստավորել կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել կանանց խնդիրները: Այս տարի փառատոնին կմասնակցի շուրջ 50 ֆիլմ՝ 11 երկրներից՝ Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Իրան, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Միացյալ Նահանգներ և այլն:

Մրցութային ծրագրում ընդգրկված են խաղարկային, վավերագրական, կարճամետրաժ և անիմացիոն աշխատանքներ: Փառատոնի ավարտին կշնորհվեն «Լավագույն ֆիլմ» մրցանակը, Հատուկ մրցանակ և դիպլոմներ: Ֆիլմերի ցուցադրությունները կկայանան Տիկնիկային թատրոնում:

5-րդ «Կին» փառատոնի մրցութային ծրագրից բացի, նախատեսված են նաև փառատոնի հյուրերի ծրագիր, ինչպես նաև ֆրանսիացի ռեժիսոր Ագնես Վարդայի և գերմանացի ռեժիսոր Ուլրիկե Օթինգերի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, առաջինը՝ Պատկերասրահի ֆիլմերի ծրագրի հետ համատեղ, իսկ երկրորդը՝ Ուլրիկե Օթինգերը, ներկա կլինի փառատոնին և կհանդիպի հանդիսատեսի հետ: Կլինեն նաև վարպետության դասեր փառատոնի հյուրեր կանադացի ռեժիսոր Բևերլի Շաֆերի և ռուս ռեժիսոր, Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն կուրսերի ռեկտոր Անդրեյ Գերասիմովի մասնակցությամբ:

«Կին» կինոփառատոնը կազմակերպում է «Լիզա» հիմնադրամը՝ մշակույթի նախարարության և Բաց հասարակության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ: