«Գծի քերականություն»՝ ըստ Արա Հայթայանի
ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) բացվել է Արա Հայթայանի անհատական ցուցահանդեսը, որ կրում է «Գծի քերականություն» խորագիրը: Հայկական արվեստի ձնհալի տարիներին ծնված նկարիչը իր ստեղծագործության ընթացքում միշտ փորձել է գեղարվեստական ձևերով հաղթահարել տեսողական իրականությունը: Նա երկար տարիներ նվիրել է բնության ուսումնասիրությանը, նատյուրմորտի խնդիրներին՝ հիմնվելով իրականությունը վերացականացնելու սկզբունքի վրա:
«Գծի քերականույունը» ցուցահանդեսում ներկայացված կտավներում առաջնայնությունը գծինն ու գույնինն է: Ցուցահանդեսի համադրող Դավիթ Կարեյանը բացատրում է, որ «Արա Հայթայանի ստեղծագործություններում պատկերները գտնվում են սիմվոլիկ վերացականի և իրականության թելադրողականության միջև: Նրանք օժտված են թե’ իրականությանը հարազատ մնալու ցանկությամբ և թե’ ավելի խորը թափանցելու, գերիրականություն ստեղծելու ձգտումով: Սև կամ սպիտակ մակերեսին ուրվագծված պատկերները, կարծես, ռեբուսներ լինեն, որոնց անհատական բովանդակությունը կարդալու համար նախ պետք է յուրացնել գծերի լեզուն»:
«Գծի քերականություն» ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 15-ը:










